Tert.am-ը գրում է.

Փառասեր մարդկանց նպատակներից  է՝ արտասահմանյան մամուլում իրենց մասին նյութ  կարդալը։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը` անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հրապարակումներին, որտեղ նշվում է, որ ամերիկյան «Time»  ամսագրի «Կովկասյան վագր» և շվեյցարական «Berner Zeitung» թերթի «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» հոդվածներն անդրադառնում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին։

Նշենք, որ «Time»-ը հոդվածում գրել էր հեղափոխությունից հետո Հայաստանում արձանագրված փոփոխությունների և տնտեսական աճի տեմպի մասին, իսկ «Berner Zeitung»-ը գրել էր հեղափոխության արդյունքների մասին՝ գնահատելով դրանք դրական։

Նարեկ Մալյանը նշեց, որ պատվիրված նյութերն իրականում վատ ենթատեքստ չունեն, բայց, օրինակ՝ այս դեպքում նման հոդվածները ձեռքբերում համարել պետք չէ, քանի որ յուրաքանչյուր պատվիրված նյութ իր գինն ունի։

«Եթե դա արվել է պետական բյուջեի հաշվին, ապա պետք էր այդ քայլի նպատակը բարձրաձայնվեր։ Վատ չէր դիտարկվի, որ ասեին՝ նյութը պատվիրվել է Ամերիկայում Հայաստանի իմիջը բարձր պահելու համար, բայց երբ նյութի ֆինանսավորման աղբյուրը չկա, դա կասկածելի է և ամենևին չի նշանակում, որ այն արվել է երկրի իմիջը բարձր պահելու համար։ Սա մեկ մարդու քարոզչություն է, որը շատ թանկ հաճույք է»,- նշեց Մալյանը և հավելեց, որ ֆինանսավորման աղբյուրը գաղտնի պահելը համարվում է կոռուպցիոն ռիսկ:

Նարեկ Մալյանի խոսքով՝  տվյալ նյութերը դեռ որևէ ազդեցություն չեն ունեցել միջազգային հարությունում, քանի որ ըստ նրա՝ հավանաբար նյութը հրապարակող խմբագիրները ևս նյութը չեն կարդացել: Մալյանի խոսքով՝ նման նյութերի հրապարակումն արվում է «Սորոսի» գրասենյակի ջանքերով, ինչի համար Նիկոլ Փաշինյանը հայաստանյան «Բաց հասարակություններ-Հայաստան»-ին փոխհատուցում է պետականության վարկաբեկման կամ «սորոսականների» գործողություններին անպատիժ թողնելու միջոցով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել