Pastinfo.am-ը գրում է.

«Վետո» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այսօր ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել սպանության սպառնալիքի գործով՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանի դիմումի հիման վրա։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Նարեկ Մալյանը՝ նշելով, որ նախաքննական գաղտնիքի հրապարակման արգելքով պայմանավորված, մանրամասներ հաղորդել չի կարող։

«Կարող եմ ասել, որ գործը սպանության սպառնալիքի հոդվածով է հարուցված։ Դիմող կողմը Լարա Ահարոնյանն է, ես էլ հարցաքննվել եմ կասկածյալի կարգավիճակով, այսինքն, վկայի, բայց ինձ պարզաբանվել է կասկածյալի իրավունքներն ու պարտականությունները։ Ես իրավունք եմ ունեցել ցուցմունք չտալու , որը սովորական վկան չունի»,-ասաց Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ չի հրաժարվել ցուցմունք տալ։

Նարեկ Մալյանը ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը եւ որեւէ մեկի հասցեին սպանության սպառնալիք երբեւէ չի հնչեցրել ։ «Ես Լարա Ահարոնյանին անձամբ երբեք չեմ տեսել։ Միանշանակ, սա իմ հանրային գործունեության դեմ ուղղված 100 –րդ ոտնձգությունն է, բայց, ոչ մի նոր բան, հերթական շառն է, որով սորոսականները փորձում են պատասխանատվության դաշտ բերել ինձ, ինչը մինչեւ այս պահը չի հաջողվել իրենց։ Ավելի ծանր հոդվածներով էլ են իմ մասով բողոքներ ներկայացվել՝ ինքնասպանության հասցնել.... ինչ ասես՝ չի եղել, քաղհայցեր կան, էլի բացառապես սորոսականների կողմից, հարձակում է տեղի ունեցել խուլիգանական խմբի կողմից։ Այդ ամենը կապված է բացառապես ի հանրային գործունեության հետ»։

Նարեկ Մալյանը չբացառեց, որպես մեղադրյալ ներգրավվելու հնարավորությունը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հարցաքննվել է կասկածի շուրջ։ «Հնարավոր համարում եմ ամեն ինչ՝ կարող է կարգավիճակս փոխվի, կարող է մեղադրյալ դառնամ, կարող է ինձ կալանավորեն այդ գործով։ Հնարավոր է ամեն ինչ։ Ես ոչինչ չեմ բացառում»,-ասաց Նարեկ Մալյանը։

Ըստ նրա, նպատակը մեկն է՝ լռեցնել իրեն. «Որպեսզի դադարեցնեմ իմ խայտառակ բացահայտումները Հայաստանում օտարերկրյա գործակալական ցանցի մասին, իսկ դա երբեք տեղի չի ունենալու։ Դա տեղի կունենա միայն մի դեպքում, եթե ինձ բանտարկեն։ Այդ պահից սկսած ես կդադարեցնեմ իմ հանրային գործունեությունը, կգնամ, բանտում գիրք կգրեմ եւ դա կդառնա հասարակության խնդիրը, եթե այս հասարակությունում պետք է ազատության մեջ լինեն խուլիգանները, մարդասպանները, ահաբեկիչները, իսկ բանտում լինեմ ես, ապա դա, կներեք, հասարակության հիվանդության խնդիրն է»։
Նշենք, որ «Վետո» հասարակական-քաղաքական շարժումը պայքարում է Հայաստանում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կամ Սորոսի ֆոնդի գործունեության դեմ։

Նարեկ Մալյանը հայտարարել էր, որ այսօր հոբելյանական` 100-րդ անգամ պետք է այցելի ՀՀ քննչական կոմիտե եւ նշելու է իր՝ 100-րդ այցելությունը իրավապահներին։

«Վետո»-ի անդամների ուղեկցությամբ Մալյանը հարցաքննության էր գնացել շամպայնով, տորթով եւ տոնական տրամադրությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել